2017 թ. հունիսի 6-8-ը, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը: Ազգային-եկեղեցական ժողովը քննության առավ 1945 թ. կանոնադրության փոփոխությունների լրամշակված նախագիծը: Ներկայացված նախագծը, հոդված առ հոդված երկօրյա համակողմանի քննարկումներից և առաջարկված լրացումներից հետո, ժողովի մասնակիցները քվեարկությամբ ընդունեցին ներկայացված փաստաթուղթը, որը վերջնական հաստատում կստանա առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի կողմից։ Ընդունված փաստաթուղթը՝ ստորև:
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ
Ա. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Ազգային-եկեղեցական ժողովը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է:
2. Ազգային-եկեղեցական ժողովի նիստը հրավիրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` առնվազն յոթ տարին մեկ անգամ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ըստ անհրաժեշտության, հրավիրում է նաև Ազգային-եկեղեցական ժողովի արտահերթ նիստ:
Կաթողիկոսական Աթոռի թափուր լինելու դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության համար Ազգային-եկեղեցական ժողովի արտահերթ նիստ հրավիրվում է Կաթողիկոսական տեղապահի կողմից վեց ամսվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետներում Ազգային-եկեղեցական ժողովի նիստ հրավիրելու անհաղթահարելի խոչընդոտների դեպքում Գերագույն հոգևոր խորհուրդն իրավասու է հետաձգել Ազգային-եկեղեցական ժողովի նիստի գումարման ժամկետը:
3. Ազգային-եկեղեցական ժողովը գումարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
4. Ազգային-եկեղեցական ժողովը`
ա. ընտրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին,
բ. որոշումներ է ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ,
գ. որոշումներ է ընդունում դավանաբանական, ծիսական, կանոնական, ինչպես նաև վարչական կառավարման էական հիմնահարցերի վերաբերյալ,
դ. ընդունում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սահմանադրությունը և դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները,
ե. սահմանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառույցների կարգավիճակը` հոգևոր իշխանության, պատասխանատվության, միմյանց հետ փոխհարաբերությունների սահմաններն ու կարգը, ինչպես նաև դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ընթացակարգերը,
զ. սահմանում է այլ եկեղեցիների, կրոնական համայնքների, պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերության հիմնադրույթները,
է. լսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի, (Եպիսկոպոսաց ժողովի), Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի, ինչպես նաև իր կողմից ձևավորված հանձնաժողովների զեկույցները, և ըստ անհրաժեշտության, կայացնում է որոշումներ,
ը. իր որոշումների իրագործումը վերահսկելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ձևավորում է համապատասխան հանձնաժողովներ,
թ. ընդունում է Ազգային-եկեղեցական ժողովի կանոնակարգը,
ժ. ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովի դիվանը։
5. Ազգային-եկեղեցական ժողովի նախագահն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ Աթոռի թափուր լինելու դեպքում` տեղապահը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքներն ի պաշտոնե Ազգային-եկեղեցական ժողովի նախաթոռ անդամներ են:
Ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցելու անհնարինության դեպքում, ըստ առաջնակարգության՝ Ազգային-եկեղեցական ժողովը նախագահում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոխանորդը:
Բ. ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորներ են`
ա. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսները, թեմերի առաջնորդները, Հայրապետական պատվիրակները կամ նրանց տեղապահները,
բ. Գերագույն հոգևոր խորհրդի անդամները,
գ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունից՝ չորս ներկայացուցիչ,
դ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությունից՝ չորս ներկայացուցիչ,
ե. Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից՝ չորս ներկայացուցիչ,
զ. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից՝ չորս ներկայացուցիչ,
է. Թեմերի և Հայրապետական պատվիրակությունների ներկայացուցիչները՝ ըստ 7-րդ կետով սահմանված քվոտաների:
Ազգային-եկեղեցական ժողովին գահակալների և թեմերի առաջնորդների կամ տեղապահների` անկարողության հանգեցնող հարգելի պատճառով բացակայության դեպքում, մասնակցում են փոխանորդները:
7. Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորների քվոտաները՝ թեմերի և Հայրապետական պատվիրակությունների առնչությամբ, որոշվում են հայության թվաքանակի հետևյալ համամասնությամբ. յուրաքանչյուր առաջին մինչև 25.000 մարդու դեպքում` մեկ պատգամավոր, հաջորդ 25.000-ական մարդու դեպքում ընտրվում է մեկական պատգամավոր: Վերջին 25.000-ը չլրանալու դեպքում նվազագույն համարժեք թվաքանակը առնվազն 10.000 մարդն է: Ընտրությունները կատարվում են՝ վարչատարածքային շրջանների բնակչությունը բաժանելով 25.000-ական անձերից բաղկացած միավորումների, որոնցից յուրաքանչյուրից ընտրվում են մեկական պատգամավոր և անձնափոխանորդ, եթե այլ բան սահմանված չէ համապատասխան թեմական կանոնադրությամբ:
8. Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորները Նվիրապետական աթոռներում ընտրվում են Միաբանական ժողովում կամ Աթոռի բարձրագույն կառավարման մարմնի կողմից, իսկ թեմերում` Թեմական-պատգամավորական ժողովների կողմից:
Հայրապետական պատվիրակություններում և այն թեմերում, որոնք չունեն Թեմական-պատգամավորական ժողով, Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորներն ընտրվում են ծառայության մեջ գտնվող օծյալ հոգևորականներից և Ծխական խորհրդի անդամներից կազմված համատեղ ժողովում:
9. Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորների ընտրությունների օրվա մասին եկեղեցական համապատասխան կառույցների կողմից լրատվամիջոցներով, այդ թվում՝ պաշտոնական կայքով, ծանուցվում է ընտրությունից 45 օր առաջ, երեք անգամ՝ երկշաբաթյա պարբերականությամբ, ինչպես նաև ընտրության մասին հայտարարություն է փակցվում եկեղեցիների՝ հայտարարությունների համար նախատեսված համապատասխան վայրում։
10. Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորության թեկնածու կարող է լինել 30 տարին լրացած անձը, ով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամ է, ընդունում է Հայ եկեղեցու դավանությունը, ունի օրինակելի վարք և բարի համբավ, ներգրավված է եկեղեցական կյանքում:
11. Պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկվում են սույն կանոնադրությամբ սահմանված քվոտայի առնվազն կրկնապատիկի չափով թեկնածուներ, որոնցից պատգամավոր են ընտրվում առավել թվով ձայներ ստացած թեկնածուները:
Նույն քվոտայի չափով հաջորդ առավել թվով ձայներ ստացած թեկնածուները ճանաչվում են որպես անձնափոխանորդներ: Պատգամավորների՝ հարգելի պատճառով անկարողության կամ մահվան դեպքում Ազգային-եկեղեցական ժողովի նիստին՝ պատգամավորի կարգավիճակով մասնակցում են անձնափոխանորդները:
Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորների ընտրությունը կատարվում է փակ քվեարկությամբ:
12. Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորի ընտրված լինելու հաստատագիրը ստորագրվում է ընտրությունը կատարած ժողովի Դիվանի կողմից և ուղարկվում է Գերագույն հոգևոր խորհրդին` Ազգային-եկեղեցական ժողովի նիստի գումարումից առնվազն երկու ամիս առաջ:
13. Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորների և անձնափոխանորդների վկայագրերը վավերացնում է Գերագույն հոգևոր խորհուրդը։
14. Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորների լիազորությունը յոթ տարի է։ Այն պահպանվում է մինչև Ազգային-եկեղեցական ժողովի հերթական նիստի գումարման պատգամավորների ընտրությունները:
Յուրաքանչյուր պատգամավոր ունի մեկ ձայն, և իրավասու չէ այդ ձայնը փոխանցել ուրիշին:
Գ. ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ, ՆԻՍՏԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
15. Ազգային-եկեղեցական ժողովը սկսվում է Սուրբ Պատարագով, որի ընթացքում պատգամավորները ստանում են Սուրբ Հաղորդություն: Ազգային-եկեղեցական ժողովի օրակարգում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության հարց ընդգրկված լինելու դեպքում Սուրբ Պատարագի ավարտին պատգամավորները սահմանված կարգով ընթերցում են հետևյալ ուխտագիրը.
«Ես, ի ներքոյ սորին անուանեալ պատգամաւոր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութեան, խոստանամ եւ երդւում յԱմենակարողն Աստուած` առաջի Սրբոյ Աւետարանի Նորա առ այն, թէ ցանկամ եւ պարտիմ յայսմ առաջիկայ ընտրութեան Ծայրագոյն Պատրիարքի եւ Կաթողիկոսի Ամենայն Հայոց վասն բարձրագոյն կառավարութեան Սրբոյ Եկեղեցւոյ Հայաստանեայց եւ տեսչութեան եկեղեցականաց նորին, ըստ մաքուր խղճի մտաց եւ պարտուց իմոց առանց իրիք աչառութեան եւ անձնական ակնկալութեանց, ի բաց հերքելով յինէն զամենայն մախանս թշնամութեան եւ կամ զորպիսի եւ իցէ շաղկապս մերձաւորութեան եւ բարեկամութեան ընտրել ի միջոյ հոգեւորականաց հայրենի Հայաստանեայց Եկեղեցւոյն իմոյ զայնպիսի անձն, զոր ըստ յատկութեանց հանճարոյ եւ խղճի մտացն առաւել ընդունակագոյն եւ արժանաւորագոյն համարիմ ես, եւ յորմէ ակն ունիմ, զի ի կատարումն պարտաւորութեանց իւրոց, զորս դնէ ի վերայ նորա վեհ աստիճանն այս հոգեւոր, հանդիսացուսցէ նա զինքն ջերմեռանդն պաշտօնեայ Աստուծոյ եւ հոգունակ տնօրէն բարօրութեան եւ օգտի Եկեղեցւոյն Քրիստոսի եւ նմա հաւատացեալ Հայրապետական իշխանութեանն ի վերայ բանաւոր հօտին Քրիստոսի:
Իսկ եթէ այլազգ վարեցից, յայնժամ իբրեւ անհոգ զօգտէ Եկեղեցւոյ եւ ճշմարիտ որդւոց նորին յորում է սեփհական օգուտն իմ, արկանեմ զանձն իմ ընդ մեղադրանօք եղբայրակցաց իմոց եւ ի հանդերձելումն պատասխանատուութեան առաջի Աստուծոյ եւ ահեղ դատաստանի նորա: Ի վախճան երդման իմոյ վասն անաչառ ընտրութեան համբուրեմ զԲան եւ զԽաչ Փրկչին մերոյ»:
16. Ազգային-եկեղեցական ժողովի հերթական նիստի գումարման որոշումը կայացվում է գումարումից առնվազն մեկ տարի առաջ, որի մասին մեկամսյա ժամկետում ծանուցվում են եկեղեցական համապատասխան կառույցները և պատգամավորները:
17. Ազգային-եկեղեցական ժողովի նիստի օրակարգի մեջ հարցեր ներառելու համար պատգամավորները իրենց ներկայացրած եկեղեցական կառույցների միջոցով կարող են առաջարկություններ ներկայացնել Գերագույն հոգևոր խորհրդին` Ազգային-եկեղեցական ժողովի նիստից առնվազն 60 օր առաջ:
Առաջադրված հարցը Գերագույն հոգևոր խորհրդի կողմից օրակարգում չընդգրկելու դեպքում, եկեղեցական կառույցը ներկայացրած պատգամավորը այն կարող է, որպես լրացուցիչ հարց, առաջադրել Ազգային-եկեղեցական ժողովի նիստում օրակարգը քննարկելիս:
18. Ազգային-եկեղեցական ժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմում է Գերագույն հոգևոր խորհուրդը, որի տնօրինությամբ օրակարգի նախագիծը համապատասխան նյութերի հետ ուղարկվում է Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորներին նիստից առնվազն 20 օր առաջ:
19. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ Ազգային-եկեղեցական ժողովի արտահերթ նիստը գումարվում է իր կողմից ներկայացված օրակարգով, որը կազմվում է՝ խորհրդակցելով Նվիրապետական աթոռների գահակալների հետ:
20. Ազգային-եկեղեցական ժողովի բնականոն գործունեության ապահովման նպատակով Ազգային-եկեղեցական ժողովի նիստի գումարումից առնվազն մեկ տարի առաջ Գերագույն հոգևոր խորհրդի կողմից ձևավորվում են Կազմակերպչական և Ընտրական հանձնախմբեր:
Կազմակերպչական հանձնախումբը, Գերագույն հոգևոր խորհրդի հանձնարարությամբ, ստուգում է պատգամավորների և անձնափոխանորդների ընտրության կանոնականությունը, ընտրության արդյունքներով պատգամավորներին է հանձնում վավերացված վկայագրերը,իրականացնում է Ազգային-եկեղեցական ժողովի աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման գործառույթները:
Ընտրական հանձնախումբը նախապատրաստում և Ազգային-եկեղեցական ժողովին է ներկայացնում Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ձևավորվող մարմիններում ընտրվող անդամների անվանացանկերը` յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ տեղեկանքով:
21. Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ձևավորվում են Հաշվիչ հանձնախումբ, Ուղերձի մշակման հանձնախումբ և ըստ անհրաժեշտության՝ այլ հանձնախմբեր:
Հաշվիչ հանձնախումբը և Ուղերձի մշակման հանձնախումբը ձևավորվում են Ազգային-եկեղեցական ժողովի անդրանիկ նիստում:
Հաշվիչ հանձնախումբը նախապատրաստում և կազմակերպում է քվեարկությունները: Մինչև Հաշվիչ հանձնախմբի ձևավորումը վերջինիս լիազորությունները վերապահվում են Կազմակերպչական հանձնախմբին:
Ուղերձի մշակման հանձնախումբը պատրաստում և Ազգային-եկեղեցական ժողովին է ներկայացնում վերջինիս կողմից ընդունվող և հրապարակման ենթակա ուղերձների, պատգամների նախագծերը:
22. Դիվանը վարում է Ազգային-եկեղեցական ժողովի նիստերը: Ազգային-եկեղեցական ժողովն իր անդրանիկ նիստում ընտրում է Դիվան հետևյալ կազմով՝
ա. երկու ատենապետ՝ 1 եպիսկոպոս և 1 աշխարհական,
բ. երկու ատենադպիր՝ 1 եկեղեցական և 1 աշխարհական։
23. Ազգային-եկեղեցական ժողովի նիստի ատենագրությունը պատրաստվում է, իսկ Ազգային-եկեղեցական ժողովի նիստերը վարվում են հայերեն լեզվով:
24. Ազգային-եկեղեցական ժողովի նիստը իրավազոր է, երբ նիստին ներկա են պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:
25. Ազգային-եկեղեցական ժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա պատգամավորների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն Կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:
Սույն կանոնադրության 4-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դավանաբանական, ծիսական, կանոնական որոշումներն ընդունվում են նիստին ներկա պատգամավորների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան նիստին ներկա եպիսկոպոսների ձայների 2/3-ով։
26. Ազգային-եկեղեցական ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ձևավորվող մարմինների անդամների ընտրության։ Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորի նախաձեռնությամբ կարող է անցկացվել փակ քվեարկություն, եթե նախաձեռնությանը միանում են նիստին ներկա պատգամավորների առնվազն 10 տոկոսը:
27. Ազգային-եկեղեցական ժողովի որոշումները կանոնական (իրավական) ուժ են ստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաստատվելուց հետո:
28. Ազգային-եկեղեցական ժողովի նիստի ատենագրությունը հրապարակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ամսագրում և կայքէջում:
Դ. ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
29. Սույն Կանոնադրությունը, ինչպես նաև դրանում կատարված փոփոխությունները և լրացումները ընդունվում են Ազգային-եկեղեցական ժողովի կողմից և ուժի մեջ են մտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաստատմամբ:
30. Սույն Կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Նվիրապետական աթոռների միաբանությունները, Թեմերը, Հայրապետական պատվիրակությունները Ազգային-եկեղեցական ժողովի գումարումից 6 ամիս առաջ։ Սույն Կանոնադրությունում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են Գերագույն հոգևոր խորհուրդ: